10:09  ,  8 հոկտեմբերի, 2022

Աշիկ Գրիգորյան. Եվրոպայի առաջնության արդյունքները գնահատում եմ գերազանց 

Ավագ տարիքի պատանեկան հավաքականում առաջին անգամ ենք Եվրոպայի չեմպիոններ ունենում: Բացառիկ արդյունք է նաեւ թիմային հաշվարկում առաջին տեղը։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի Հայաստանի ավագ տարիքի պատանիների ավագ մարզիչ Աշիկ Գրիգորյանը:

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը Իտալիայում անցկացված ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Աշիկ Գրիգորի գլխավորած թիմը նվաճել է երկու ոսկե, մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալներ: Թիմային հաշվարկում Հայաստանը գրավել է առաջին տեղը:

Եվրոպայի նորընծա չեմպիոններնն ու մյուս մեդալակիրները ավագ մարզիչի գլխավորությամբ վերադարձել են հայրենիք:

Պարոն Գրիգորյան, շնորհավորում եմ 5 մեդալի եւ թիմային հաշվարկում առաջին տեղը զբաղեցնելու կապակցությամբ: Ամփոփեք Եվրոպայի առաջնությունը:

Առաջնության արդյունքները գերազանց եմ գնահատում: Կարող էինք գերազանցից մի քիչ առավել լինել, եթե չլինեին մրցավարների կոպիտ սխալները: Կողմնակալ մրցավարության արդյունքում բաց թողեցինք եւս մեկ չեմպիոն:

Ո՞ր քաշային կարգի մասին է խոսքը:

50 կգ քաշային Դավիթ Սաֆարյանի կիսաեզրափակիչի մենամարտի ելքը որոշվեց մրցավարական կողմնապահությամբ: Սաֆարյանը հաղթում էր: Մրցակիցը գերմանացի էր: Շատ վատ մենամարտ անցկացրեց: Առաջին ռաունդում մի քանի անգամ գլխով հարվածեց եւ Դավիթը 5 անգամ ընկավ: Մրցավարը, որն Իսրայելից էր, ոչ մի նկատողություն չտվեց: Այդպես մրցավարն անցկացրեց ամբողջ մենամարտը, որն ավարտվեց 3:2 հաշվով գերմանացու առավելությամբ: Բոլորս շատ վրդովված էինք: Մենամարտի ավարտից հետո գլխավոր մրցավարը ռինգից դուրս հրավիրեց իսրայելցի մրցավարին, որակազրկեց եւ այլեւս նա չշարունակեց մրցավարությունը Եվրոպայի առաջնությունում: Մենք կարող էինք եւս մեկ եզրափակիչի մասնակից ունենալ, վստահ եմ՝ նաեւ չեմպիոն:

Ոսկե մեդալի համար պայքարում էր նաեւ Երանոս Օհանյանը, բայց եզրափակիչին չմասնակցեց...

Երանոսն էլ չեմպիոնի հավակնորդ էր: Նա վնասվածք էր ստացել, կոտրել էր քիթը: Եզրափակիչից առաջ գլխավոր բժիշկը զննեց նրան եւ թույլ չտվեց մասնակցել մենամարտին: Այս պարագայում վստահ եմ, որ Երանոսի մասնակցության դեպքում կարող էինք ունենալ եւս մեկ ոսկե մեդալ:

Արդյունքներից շատ գոհ ենք: Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի շնորհիվ շատ լավ նախապատրաստական փուլ էինք անցել: Ֆեդերացիայի նախագահը եւ Սամվել Գասպարյանն առաջին օրվանից մեզ հետ էին Իտալիայում:  

Արդյունքները սպասվա՞ծ էին:

Տղաներն Իտալիայի ռինգում արեցին առավելագույնը: Պատանի բռնցքամարտիկներն, իրոք, հաղթել են իրենց մենամարտերում: Ոչ մի զիջում չի եղել: Բոլորն էլ արժանի հաղթանակներ տարան:

Մենք շատ էինք ուզում, որ Երանոսն էլ մասնակցեր, հաղթեր, որպեսզի ամրապնդեինք առաջին տեղը թիմային հաշվարկում: Երբ բժիշկները Երանոսին թույլ չտվեցին, անգլիացիներն արդեն առաջ էին ընկում մեզանից թիմային հաշվարկում: Եղավ այնպես, որ 63 կգ քաշայինների եզրափակիչում անգլիացի բռնցքամարտիկը պարտվեց հույնին եւ մենք պահպանեցինք մեր դիրքը առաջին տեղում:

Ի դեպ, ավագ տարիքի պատանիների մեջ Եվրոպայի չեմպիոն երբեք չէինք ունեցել, նաեւ թիմային հաշվարկում առաջին տեղում չէինք եղել: Սա բացառիկ արդյունք է: Նախորդ անգամ այսպիսի արդյունք գրանցել էինք 2009 թվականին, բայց դեռահասակների պայքարում:

Ինչի՞ արդյունք են այս մեդալները. մարզումային ոճ եք փոխե՞լ, մարզիչների աշխատանքում է փոփոխություն եղե՞լ:

Ինչպես արդեն ասացի, ֆեդերացիայի նախագահի ջանքերով լավ մարզումային փուլ էինք անցել: Եվրոպայի առաջնությունից առաջ երկու մեծ հավաք ունեցանք: Առաջին հավաքն անցկացրինք Ծաղկաձորում, որտեղ շեշտադրությունը ֆիզիկական պատրաստվածությունն էր, նաեւ հոգեբական աշխատանքներ էինք տանում թիմի հետ: Դրանից հետո ծրագրված էր հավաք Երեւանում, բայց առաջարկ ստացանք արտագնա հավաք ունենալ մի քանի երկրների հավաքականների հետ:

Հավաքների ընթացքում մեծ ուշադրություն ենք դարձրել կարգապահությանը, քնի, հանգստի ժամերին, հեռախոսից չեն օգտվել, կողմնակի բաներով չեն զբաղվել: Եթե կարգապահություն  չլինի, ոչ մի արդյունքի չենք հասնի: Տղաները ֆիզիկապես շատ լավ պատրաստված էինք: Ծաղկաձորում բռնցքամարտ արել ենք միայն վերջին երկու օրը: Մնացած օրերին ֆիզիկականի վրա ենք աշխատել: Երկրորդ հավաքն արեցինք Աթենքում՝ Հունաստանի, Ռումինիայի, Կիպրոսի եւ Բուլղարիայի հավաքականների հետ:

Ֆեդերացիայի նախագահը ոչ մի խնդիր չտեսավ եւ մեզ ուղարկեց Աթենք: Այնտեղ աշխատեցինք սփարինգ մենամարտերի վրա: Այնտեղ բոլորն ասում էին, թե ինչ ուժեղ թիմ ունենք:

Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում: Պատանիներն ինչո՞վ կավարտեն մրցումային տարին:

Առջեւում ունենք միջազգային մրցաշար Երեւանում: Ըստ նախնական տեղեկությունների, նոյեմբերին Երեւանում կանցկացվի ավագ տարիքի պատանիների միջազգային մրցաշար: Դրանից հետո հաջորդ տարի թիմի անդամներից մի քանիսը կտեղափոխվեն երիտասարդական հավաքական:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ ՀԲՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով